Հինգշաբթի, Ապրիլ 25, 2024

Շաբաթաթերթ

Եւրասիական Տնտեսական Միութիւնը (ԵԱՏՄ) ընդդէմ հայկական բանակի

Օրերս Հայաստանի Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը յայտարարեց, որ Ռուսաստանից ստացուող սպառազինութիւնը չի լրացնում ժամանակակից զինտեխնիկայի կարիքը: Ըստ նախարարի, Հայաստանը բացի Ռուսաստանից նաև այլ երկրների հետ է բանակցութիւններ վարում զէնքերի մատակարարումների շուրջ… «և արդէն ունենք արդիւնքներ և մատակարարումներ»,- ասել է Սարգսեանը:

 

Նորութիւն չէ

Ըստ էութեան, որևէ մէկի համար նորութիւն չէ, որ Հայաստանին սպառազինութիւններ մատակարարողը միայն Ռուսաստանը չէ և ոչ միշտ է, որ ռուսական զէնքերը ամենաձեռնտուն են գին-որակ յարաբերակցութեամբ:

Հայաստանի օդուժի համարեա բոլոր մարտական ինքնաթիռները գնուած են Սլովակիայից և Ռումինիայից, հեռահար համազարկային WM-80 համակարգերը` Չինաստանից, «Սև նետ» դիպուկահար հրացաններն էլ մատակարարուել են Սերբիայից, զինուորականների սիրած Kia և Nissan ամենագնացները քորէական ու ճափոնական են և այլն:

Սրան կարող ենք աւելացնել նաև ԱՄՆ-ից ու Չինաստանից ռազմական օգնութեան տեսքով եկող որոշ սպառազինութիւններ, և պատկերն էլ աւելի կ՚ամբողջանայ:

 

ԵԱՏՄ

ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ բանակի համար զէնք և այլ գոյք գնելիս ՊՆ-ն (Պաշտպանութեան նախարարութիւնը), բնականաբար, որևէ մաքսատուրք չէր վճարում… Ինչ էլ որ վճարում էր՝ վճարում էր ՀՀ պետական բիւջէ:

Սակայն, ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, այլ երկրներից զէնք, զինամթերք և որևէ այլ ապրանք ներմուծելիս պէտք է միութեան բիւջէ վճարել բոլոր մաքսատուրքերը: Եւ այդ վճարուած մաքսատուրքերի ընդամէնը մէկ տոկոսն է յետոյ վերադառնում Հայաստանի բիւջէ, իսկ շուրջ 99 տոկոսը գնում է ԵԱՏՄ միւս երկրներին:

Ռազմական տեխնիկայի (զէնքեր, զրահատեխնիկա, մեքենաներ և այլն) դրոյքաչափերը կազմում են 18-ից 20 տոկոս: …Այսինքն, եթէ ՊՆ-ն այժմ ցանկանայ գնել, ասենք, գերմանական սաղաւարտ, ամերիկեան զրահաբաճկոն, սլաւոնական ինքնաթիռ, սերբական դիպուկահար հրացան կամ ֆրանսիական հակատանկային համակարգ, ապա ստիպուած կը լինի ԵԱՏՄ բիւջէ փոխանցել դրա գնի առնուազն 18 տոկոսը:

Ու թէև Հայաստանի ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի 3 յաւելուածի 44-րդ յօդուածը սահմանում է, որ մինչ 2022 թուականը ռազմական նշանակութեան միմիայն այն ապրանքներն են ազատուած մաքսազերծումից, որոնց նմանակը ԵԱՏՄ-ում չի արտադրւում: Իսկ ԵԱՏՄ-ում Ռուսաստանը արտադրում է ամէն տեսակի ռազմական տեխնիկա, հետևաբար հազիւ թէ գտնուի այլ երկրում արտադրուած այնպիսի տեխնիկա, որի նմանակը ԵԱՏՄ-ում չկայ (բացառութիւն են «Յաւելին» տեսակի հակատանկային միջոցները):

 

Այլ խոչընդոտներ

Բոլորս յիշում ենք մաքսակէտերում շաբաթներ և անգամ ամիսներ անցկացրած բանակի համար մասնաւոր անձանց կողմից պատուիրուած ապրանքների պատմութիւնները… Քաղաքացիները գումար էին հաւաքում և արտերկրից պատուիրում էին տարբեր ապրանքներ՝ սկսած հեռադիտակներից, վերջացրած «պլաշ-պալատկաներով»: Իսկ մաքսակէտերում պահանջում էին վճարել դրանց մաքսատուրքերը:

Ու թէև այդ իրավիճակներում քաղաքացիներն իրենց մեղադրանքները ուղղում էին հայրենի մաքսաւորներին, սակայն նկատենք, որ բոլոր այն կարգաւորումներն ու նորմատիւները, որոնցով առաջնորդւում էին մաքսատներում գալիս էին Մոսկուայից… մաքսային միութեան մաքսային օրէնսգիրք, ԵԱՏՄ յանձնաժողովի սահմանած դրոյքաչափեր և այլն: 

Հայաստանի մաքսային ծառայութիւնը պարզապէս իրաւունք չունէր չգանձելու մաքսատուրքերը (որքան էլ որ չցանկանար): Աւելին, այդ մաքսատուրքերը գնում էին ոչ թէ Հայաստանի, այլ, ինչպէս նշեցինք, ԵԱՏՄ բիւջէ:

 

ԴԱՆԻԷԼ ԻՈԱՆՆԻՍԵԱՆ

«Իրազեկ Քաղաքացիների Միաւորում» 

lragir.am

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ