Ատրպէյճանի խորհրդարանի պատգամաւոր Արիֆ Ռահիմզատէն ռուսական մի լրատուամիջոցի տուած հարցազրոյցում ասել է, որ իրենք թուրք չեն, այդպէս սխալմամբ որոշել են ցարական Ռուսաստանում: Նրան հակադարձել է գործընկեր Ֆազիլ Մուստաֆան. «Ըստ երեւոյթին, Արիֆ Ռահիմզատէն ազգագրութիւնից քիչ է հասկանում: «Ատրպէյճանցին» քաղաքական տերմին է, ոչ թէ էթնիկական: Մենք մեզ համարում ենք թուրք: Դա Ատրհպէյճանում ապրող թուրքերի ազգային ինքնութեան հասկացութիւն է: Ես կարծում եմ, որ իր յայտարարութեան Արիֆ Ռահիմզատէն կարծես զատորոշուել է նրանից, որ ինքը թուրք է: Նա կարծես ամաչում է իր ազգային պատկանելութիւնից»,- յայտարարել է Ֆազիլ Մուստաֆան:
Կար ժամանակ, երբ Ատրպէյճանում վիրաւորւում էին, երբ որեւէ մէկին անուանում էին «թուրք»: Դարաշրջան եւ իրողութիւններ են փոխուել, հիմա գերադասելի է ներկայանալ որպէս «թուրք»: Բայց, երեւում է, ոչ բոլորն են այդպէս ուզում: Կան խմբեր, որ գերադասում են մնալ «ատրպէյճանցի»: Ըստ երեւոյթին, որոշում պէտք է ընդունի իշխանութիւնը՝ ի՞նչ անուն տալ բնակչութեան մեծամասնութիւն կազմող էթնիկ խմբին, որը թուրքախօս է, իսլամադաւան, բայց մեծամասամբ՝ շիա ուղղութեան: Հանգամանք, որ նրան աւելի շատ իրանական, քան թուրքական ինքնութիւն է ներշնչում: Ի վերջոյ, երեւի, վերջին խօսքը պէտք է ասի Իլհամ Ալիեւը, նա իրեն թո՞ւրք է համարում, ատրպէյճանցի՞, թէ՞… Իշխող տեսակէտ կայ, որ Ալիեւներն էթնիկ քրդեր են: Այդ դէպքում կը ստացուի, որ Արիֆ Ռահիմզատէն ճիշդ է, իրենք միայն Ատրպէյճան կոչուող տարածքի բնակիչներ են: Հակառակ դէպքում քրդական ծագման կլանն ինչպէ՞ս է իշխանում էթնիկ մեծամասնութեանը… Իսկ գուցէ Ռահիմզատէն հէնց այդ էլ ակնարկե՞լ է…
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍՅԱՆ