Չորեքշաբթի, Դեկտեմբեր 11, 2024

Շաբաթաթերթ

Նոր ուղիներ. «Լարք»ի աշակերտները ներկայացան իրենց յօրինումներով

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

Հերթական ամենամսեայ ուսանողական համերգ էր տեղի ունենում Լարք երաժշտանոցի «Թրբանջեան» սրահում Ուրբաթ, 10 Մարտ 2017-ին, երեկոյեան ժամը 8։00-ին։

Իր հիմնադրման օրից երաժշտանոցը պահպանում է այս աւանդոյթը։ Այստեղ ելոյթ են ունենում աշակերտներ տարբեր բաժիններից՝ դաշնամուր, ջութակ, թաւջութակ, կիթառ, սրինգ, ձայնամարզութիւն, սենեկային երաժշտութիւն։ Որոշ տարիների ընդմիջումից յետոյ այդ օրը ներկայանում էին յօրինողական բաժնի ուսանողները։

 Ի՞նչ երեւոյթ էր սա. բարձր դասարանների աշակերտները, որոնց մեծ մասն արդէն լրացրել էր երաժշտական տեսական առարկաների պարտադիր դասընթացքները, ներկայանում էին իրենց իսկ գրած երաժշտական գործերով։ Լարք երաժշտանոցում այս բաժինը ղեկավարում է Արտաշէս Քարթալեանը՝ դասաւանդելով ներդաշնակագիտութիւն, գործիքաւորում, երաժշտական ձեւ եւ կառոյց, բազմաձայնութիւն։ Վաստակաշատ մանկավարժը հեղինակ է մի շարք սիմֆոնիաների, սենեկային բնոյթի գործերի։ Հայկական երաժշտութեան նրա ջազային մշակումները յայտնի են դեռեւս 80-ականներին իր իսկ հիմնած եւ ղեկավարած հայրենի «Քարթալեան ջազ կվարտետ» խմբի ելոյթներից։ Խումբն առաջինն էր իր տեսակի մէջ Հայաստանում եւ մեծ յաջողութեամբ ելոյթներ էր ունենում Խորհրդային Միութեան եւ արտասահմանի ջազային փառատօններում։

Ահա նմանօրինակ մասնագէտ երգահանի ղեկավարութեամբ էին պատրաստուել երիտասարդ «կոմպոզիտորները»՝ Քրիստոֆըր Չուա, Ստեֆընի Քելեջեան, Նայիրի Արթունեանս, Տարօն Պետրոսեան, Նանօր Տէր Պետրոսեան, Քեննի Չուա պարման-պարմանուհիները։

Օրուայ համերգին մասնակցող ստուար խմբի տարբեր կատարումներից յետոյ, նոր գործերը ներկայանում էին վերջին բաժնում։ Հետաքրքիր անուանումներ տալով իրենց յօրինումներին՝ «Երգ առանց խօսքի», «Վալս», «Յիշողութիւն», «Յուլիս 12» եւ այլն, յենուելով երաժշտագիտական գիտելիքների ամբարած պաշարին, երբեմն ազդուելով իրենց հաւանած երաժշտական մեղեդիներից, նոյնիսկ նմանակելով եւ իւրովի մշակելով, պատանի երաժիշտները ստեղծել էին փոքրիկ կտաւներ։ Մե՛րթ հնչում էին եւրոպական դասական կամ ժամանակակից երաժշտութեան կշռոյթներ, մերթ յայտնւում էին հայկական երաժշտութեան բներգներ, մերթ լսում էիր նոր թոթովանքներ, իսկ ուսուցիչը կարողացել էր վերջնական ցուցմունքներով ամբողջացնել այդ աշխատանքները։ Հետաքրքիր էր, յուսադրող եւ զարմանալի։

Այդ խոշոր հեռանկարային ծրագիրն ամփոփուել էր փոքրիկ աշակերտական համերգի սահմաններում, երաժշտանոցի պատերի ներքոյ։ Գոհ էին ներկաները, ծնողներն ու մանկավարժները, ականատես լինելով նոր սերնդի շինիչ դաստիարակութեանը, երաժշտանոցի մանկավարժների նուիրուած աշխատանքին։

 Ուրբաթ երեկոյեան ուշ ժամերն էին, փակւում էին Լարքի դռները, որպէսզի Շաբաթ առաւօտեան ժամը 8։00-ին ետ ընդունեն իրենց աշակերտներին, մի կողմում սկսելով մեծահասակ ուսանողների դասընթացքները՝ գրաբար, հայ եկեղեցու պատմութիւն, հայ մշակոյթ, հայ երաժշտութեան պատմութիւն, իսկ միւս կողմում՝ նուագող, երգող, յօրինող երեխաների պարապմունքները։

 Զարմանալի հայ, զարմանալի Լարք…

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ