Շաբաթ, Ապրիլ 20, 2024

Շաբաթաթերթ

«Օգնենք Արցախին» արշաւը շարունակւում է

ՀԲԸՄը վերակենդանացման սարքաւորում կը նուիրաբերի ՀՀ ՊՆ կենտրոնական զինուորական հիւանդանոցին

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Հայաստանի գրասենեակը և ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնը նուիրաբերութեան պայմանագիր կնքեցին, որի համաձայն ՀԲԸՄը ՀՀ ՊՆ կենտրոնական զինուորական հիւանդանոցին կը տրամադրի արհեստական շնչառութեան երկու համակարգ և դեֆիբրիլեատոր-մոնիտոր՝ հիւանդանոցի ինտենսիւ թերափիայի բաժանմունքը համալրելու նպատակով: Նուիրաբերութիւնը ՀԲԸՄի «Օգնենք Արցախին» արշաւի մաս է կազմում և իրականացւում է «Չերչեան ընտանիք» հիմնադրամի և ՀԲԸՄի Մարսէյի մասնաճիւղի առատաձեռն աջակցութեան շնորհիւ:

«Կարողութիւնների զարգացումն ու պրոֆեսիոնալիզմը Հայաստանի Զինուած ուժերի համար ագրեսիային դիմակայելու և տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու համար անհրաժեշտ նախապայմաններն են: Հպարտ ենք Պաշտպանութեան նախարարութեան հետ կիսել Հայաստանի պատրաստուածութեան մակարդակի բարձրացմանն ու առաջնորդների պատրաստմանն ուղղուած պատասխանատուութիւնը: ՀԲԸՄը կոչ է անում անհատ բարերարներին և կառոյցներին՝ միանալու այս կարևոր առաքելութեանը», ասաց ՀԲԸՄի Հայաստանի նախագահ, ՀԲԸՄի Կենտրոնական վարչութեան անդամ Վազգէն Եագուպեանը:

2012թ. ի վեր ՀԲԸՄը աջակցում է նաև ՀՀ բանակի կարողութիւնների բարելաւմանը՝ տրամադրելով կրթաթոշակներ ՊՆ կուրսանտներին և սպաներին՝ Հայաստանի ամերիկեան համալսարանում առաջնորդութեան և անգլերէն լեզուի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով: Աւելի վաղ, ՀԲԸՄը մեր բանակի նորընծայ սպաներին տրամադրել է 1000 Kindle՝ աւելի քան 160 անուն ներբեռնուած գրականութեամբ՝ ներառեալ մասնագիտական գրականութիւն:

2016թ. Ապրիլեան քառօրեայ պատերազմից անմիջապէս յետոյ սկիզբ դրուեց ՀԲԸՄի «Օգնենք Արցախին» արշաւին՝ Հայաստանի և Արցախի բնակչութեանն ու հայոց բանակին աջակցելու նպատակով: Անյապաղ և արդիւնաւէտ բժշկական սպասարկում ապահովելու համար ՀԲԸՄը ՀՀ ՊՆ նախարարութեանը տրամադրել է նաև մի շարք անհրաժեշտ բժշկական սարքաւորումներ, այդ թւում՝ 2 շարժական թուային ռենտգեն սարք Երևանի և Ստեփանակերտի զինուորական հիւանդանոցների համար, 2000 հատ արեան հոսքը դադարեցնող բժշկական ամրալար և 2 շտապ օգնութեան անւասայլակ՝ համալրուած վերակենդանացման համար անհրաժեշտ սարքաւորումներով և յարմարեցուած ուղղաթիռներում տեղադրման համար՝ աւելի արագ ու արդիւնաւէտ բուժօգնութիւն ցուցաբերելու նպատակով:

ՀԲԸՄը նաև դրամական աջակցութիւն է ցուցաբերել պաշտպանական մարտերի ընթացքում զոհուած և վիրաւորուած զինծառայողների ընտանիքներին, ինչպէս նաև ռազմական գործողութիւնների հետևանքով տուժած խաղաղ բնակչութեանը:

«Օգնենք Արցախին» արշաւը շարունակւում է, և շուտով ՀԲԸՄը կը յայտարարի Արցախի Հանրապետութեանը սատար կանգնելու իր նոր նախաձեռնութիւնների մասին: ՀԲԸՄի «Օգնենք Արցախին» արշաւին միանալու համար, այցելէ՛ք http://www.agbu.am/am/help-artsakh

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ