Շաբաթ, Ապրիլ 27, 2024

Շաբաթաթերթ

Հայկական մուրաբան ու հիւթերը՝ արդէն Շիքակոյում

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Հայկական արտադրութեան պահածոներն արդէն 10 օրից աւելի է, ինչ վաճառքի համար ներկայացուած են Ամերիկայի Իլինոյ նահանգի Շիքակօ քաղաքի խոշոր ցանցային ընկերութիւններից մէկում՝ “FRESH FARMS”-ում: Առաջին օրերի շրջանառութիւնը ցոյց է տուել, որ արտադրանքի նկատմամբ հետաքրքրութիւն կայ: «Արմէնփրէս»-ի հետ զրոյցում այս մասին պատմեց Շիկագոյում «Բիզնէս Արմենիա»-ի պաշտօնական ներկայացուցիչ, Հայաստանի պատուաւոր հիւպատոսի խորհրդական Պարոյր Սարգսեանը, որը մեծապէս նպաստել է այդ աշխատանքի կազմակերպմանը:

«Բացի մշակութային կապերի հաստատումից հիւպատոսութեան և «Բիզնէս Արմենիա»-ի նպատակներից մէկն է նաև տնտեսական կապերի խորացումը և հայկական ապրանքների ներմուծումը Շիքակօ: Մենք բաւականին հանդիպումներ, բանակցութիւններ ենք ունեցել ԱՄՆ-ի Իլինոյ նահանգի մեծ ընկերութիւնների հետ: Եւ մի քանի խանութների ցանց ունեցող «Ֆրէշ ֆարմս» ընկերութեան հետ եկանք պայմանաւորուածութեան, որ հայկական արտադրանքը ներկայացնենք»,– ասաց Սարգսեանն ու նշեց՝ հայկական արտադրանքն առաջին անգամ է ներմուծւում ու վաճառքի դրւում Իլինոյ նահանգում, այն էլ նման մեծ խանութում:

Նա նշեց՝ Շիքակոյում ինչ-որ չափով տեղեակ էին հայկական արտադրութեանը, քանի որ Իլինոյ նահանգի այդ հատուածում ապրում են նաև Արևելեան Եւրոպայից գաղթողներ՝ լեհեր, պուլղարացիներ, որոնք ծանօթ են Հայաստանին, արտադրութեանը: Վերլուծելով առաջին օրերի վաճառքը ՝ Սարգսեանը նկատեց՝ տասնօրեայ շրջանառութիւնը ցոյց է տուել, որ հետաքրքրութիւն կայ, գնում են՝ սակայն ոչ շատ մեծ քանակով: «Կոմպոտները գրեթէ վաճառուել են, ջեմերը, մուրաբաները կը վաճառուեն աստիճանաբար՝ կապուած սեզոնի հետ»,– նշեց նա:

Ամերիկեան ևս մէկ նահանգում հայկական արտադրութեան վաճառքի կազմակերպման հարցերում աջակցել է նաև Շիքակոյում ՀՀ պատուաւոր հիւպատոս Օսկար Թաթոսեանը:

Արտադրանքը սկզբում տեղափոխում են Նիւ Եորք, ապա հասցնում Շիքակօ: Հայկական ապրանքներն աւելի վաղ ժամանակից Նիւ Եորքում ներկայացուած են եղել, սակայն Շիքակոյում առաջին անգամ են: Սարգսեանը նշեց՝ «Բիզնէս Արմենիա»-ի հետ համագործակցութեամբ պատրաստւում են ընդլայնել ներկայացուածութիւնը, հայկական արտադրանքը վաճառելու համար բանակցութիւններ են տանում նաև ամերիկեան միւս խոշոր ընկերութիւնների հետ:

 

Աննա ԳրիգորեԱՆ 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ