Չորեքշաբթի, Դեկտեմբեր 11, 2024

Շաբաթաթերթ

Մեր մեծերուն հետ. Լարքին՝ սիրով

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Հայաստանի ժողովրդական արտիստուհի, միջազգային մրցոյթների դափնեկիր, կառավարական բարձրագոյն «Մեսրոպ Մաշտոց» եւ «Պատուոյ» շքանշանների ասպետ, դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանը, ում վերջերս ունեցած նախագահական համերգին հետեւել էինք համացանցով, գտնուելով Քալիֆորնիայում՝ ներկայ էր «Լարք» երաժշտանոցի տարեվերջեան համերգներին: Ապա նա մեկնում էր Փարիզ, ուր հրաւիրուած էր Ecole Normal բարձրագոյն երաժշտական հաստատութեան կողմից՝ մասնակցելու մրցոյթային ժիւրիի աշխատանքներին:

Յաջողութիւն մաղթելով Սվետլանա Նաւասարդեանին իր յետագայ ծրագրերի իրականացմանը՝ ստորեւ ներկայացնում ենք նրա գրութիւնը, որտեղ «Լարք»ի լաւ բարեկամը կիսւում է այս հաստատութեան գործունէութիւնների մասին ունեցած իր տպաւորութիւններով:

 

 Կարինէ Տէր Գէորգեան

 

 

  Իսկական տօնի վերածուեցին օրերս կայացած Լարք երաժշտական հաստատութեան ուսանողների տարեվերջեան համերգները՝ մենանուագային ծրագրերով եւ սիմֆոնիկ նուագախմբի ընկերակցութեամբ: Նուագավարներն էին՝ Ռաֆֆի Միքայէլեանը ու Տիգրան Առաքելեանը: Երեք օր շարունակ լեփ-լեցուն դահլիճը յոտնկայս ծափահարում էր պատանի երաժիշտներին եւ նրանց ուսուցիչներին: Ծաղկեփնջերով ողողուած էր բեմը…

  Անասելի յուզում եւ հպարտութիւն ապրեցի՝ ինձ հարազատ օջախի համար, որի շռայլ հիւրընկալութիւնը վայելում եմ ժամանակ առ ժամանակ: Համերգային բազում ծրագրեր եմ պատրաստել այստեղ, անցկացրել վարպետութեան դասեր՝ ուսանողութեան եւ ուսուցիչների համար, ըմբոշխնել գործընկերներիս հետ շփման հաճոյքը եւ հասկացել՝ օտար ափերում հայրենի հողը չկորցնելու գինը:

  Զարմանահրաշ այս հաստատութիւնը արուեստի իդէալներին անդուլ ծառայելու խորհրդանիշ է: Մեծատառով կրթօջախ է այն, ուր հիմնական դասաւանդուող առարկան մարդասիրութիւնն է: Սիրոյ եւ ջերմութեան գոյներով շաղախուած, ունայնեաց ամէն բանից հեռու մթնոլորտում են ձեւաւորւում սովորողների արուեստավարժ հմտութիւններն ու մարդկային նկարագիրը: Հայրենասիրական ոգին նաեւ: Ամէնուր հնչող հայերէնից բացի, դա են հաստատում հայոց պատմութեան եւ գրաբարի դասընթացները, հայերէնով՝ ներկայացումներն ու հաստատութեան փոխտնօրէն տիկին Թագուհի Արզումանեանի հայ երաժշտութեանն ու պոէզիային նուիրուած սքանչելի երեկոները, հայ ժողովրդի նշանակալից տարելիցների առիթով: Ինքնին արդէն արուեստ է եւ հայերէնի մեծ դաս այդ տաղանդաշատ հայուհու իւրաքանչիւր խօսքը, որով համեմւում է դպրոցի ցանկացած միջոցառում: Լարքում նոյնիսկ դասարաններն են կոչւում հայ մեծ մտաւորականների անուններով…

  Այստեղ մեծապէս յարգուած են երաժշտութիւնը եւ երաժշտութեամբ զբաղուող իւրաքանչիւր պատանի, մանուկ: Դաշնամուրային, լարային, փողային եւ հարուածային գործիքների, նաեւ երգեցողութեան, կոմպոզիցիայի եւ այլ բաժիններում դասաւանդող Լարքի ուսուցիչները պատրաստուածութեան մակարդակով, թէ դասաւանդման որակով, պատիւ կը բերէին նմանատիպ ցանկացածդ հաստատութեան: Լարքն, անշուշտ, ունի բոլոր հիմքերը վերաճելու օրինաւոր միջնակարգ հաստատութեան, եւ ես կը կամենայի սիրելի երաժշտանոցին եւ նրա համակրելի տնօրէն Աշոտ Քարթալեանին մաղթել բազում յաջողութիւններ նորանոր բարձունքներ նուաճելու ճանապարհին:

***

  Այս ամէնով հանդերձ, որքան էլ խօսենք Լարք երաժշտանոցի մասին, չպիտի մոռանանք, որ այն մէկ ճիւղն է միայն Լարք ընկերակցութեան, որը միաւորում է իրենում կրթական, հրատարակչական, համերգային եւ այլեւայլ շատ բնագաւառներ: Այստեղ է, որ ես պիտի անդրադառնամ բացառիկ մի անձնաւորութեան, որի մտքի եւ հոգու թռիչքով է ուղեծիր դուրս եկել Լարքը եւ դարձել նրա կեանքի ամենափայփայած, իրականացած երազանքը:

  Խօսքս հայ մշակոյթի մեծ նուիրեալ, մշակոյթի իսկական ջատագով, Վաչէ Պարսումեանի մասին է: Հուժկու տաղանդի տէր մարդ, ով, քաջ գիտակցելով իրեն ի վերուստ տրուած առաքելութիւնը, տասնամեակների տքնաջան արարումով կերտել է իր երջանիկ մարդու կեանքի բազմահատոր տարեգրութիւնը:

  Մեր ծանօթութեան առաջին իսկ պահին ինձ մեկնեց նոր հրատարակուած, արդի խազաբանութեանը նուիրուած Նիկողայոս Թահմիզեանի ուսումնասիրութիւնը: Գնահատեցի նուրբ ընտրութիւնը: Զգացի նաեւ ակնյայտ մտահոգութիւնը, կապուած մշակոյթի հազուագիւտ գոհարները մոռացութիւնից փրկելու, եկող սերունդներին անաղարտ փոխանցելու հետ: Այս ազնիւ մղումով էին կեանքի կոչուել բազմաթիւ արժէքաւոր հրատարակումներ՝ նուիրուած ժողովրդական երգին, Կոմիտասի, Չուխաջեանի եւ այլոց կեանքի եւ ստեղծագործութեան նուազ լուսաբանուած էջերին: Ն. Թահմիզեանի, Ա. Սահակեանի եւ Ա. Փահլեւանեանի հետաքրքրական ուսումնասիրութիւնները չէին վրիպել Վ. Պարսումեանի աչքից:

  Երեւանում յաճախ էի լսում խորհրդաւոր Լարք բառը: Լարքն էր, որ բացեց Հայաստանում ճանաչուած շատ ու շատ երաժիշտների ճանապարհը դէպի ամերիկացի ունկնդիրը: Լարքն էր, որ իրականութիւն դարձրեց Քալիֆորնիայում մեծանուն կոմպոզիտորներ Առնօ Բաբաջանեանի, Էդուարդ Միրզոյեանի, Ալեքսանդր Յարութիւնեանի, Տիգրան Մանսուրեանի հեղինակային համերգները պատշաճ մակարդակով, ներկայացրեց Արմէն Տիգրանեանի «Անուշ» օպերան ամերիկացի հանդիսատեսին:

  Լարքի հրաւէրով են այստեղ ելոյթներ ունեցել նշանաւոր դիրիժոր Օհան Դուրեանը, ջութակահար Սերգէյ Խաչատրեանը, երգիչներ Բարսեղ Թումանեանը, Յասմիկ Պապեանը, տողերիս հեղինակը եւ այլք: Յայտնի է, որ Լարքն առաջինն էր, որ տարիներ առաջ Սփիւռքում կազմակերպեց Կոմիտասին նուիրուած համահայկական սիմպոզիում: Լարքն անց է կացրել հայագիտական կոնֆերանսներ, կազմակերպել է տարբեր բնոյթի բանախօսութիւններ, նաեւ՝ հայ միջնադարեան եւ արդի երաժշտութեան շուրջ: Լարքի թեթեւ ձեռքով եւ անմիջական մասնակցութեամբ է իրականութիւն դարձել այժմ լայն համբաւ ձեռք բերած՝ «Դիլիջան» միջազգային փառատօնը (Գեղ. ղեկավար Մովսէս Պօղոսեան):

  Իբրեւ նոր գործերի պատուիրատու, Լարքը մշտապէս խթանել է հայ ժամանակակից, յատկապէս՝ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործութիւնները: Ձգտել է նաեւ հետաքրքրել հայկական թեմաներով օտարազգի կոմպոզիտորների, ինչպէս եղաւ ամերիկացի կոմպոզիտոր Իան Կրաուսի «Հայկական ռեքվիէմ»ի դէպքում, որն արժանացաւ բացառիկ ընդունելութեան: Վերջերս «Նաքսոս» միջազգային յայտնի մակնիշի տակ թողարկուեց այս կատարման ձայներիզը:

  Ես յիշում եմ հիմա Լարքի նկարահանած Տիգրան Մանսուրեանի «Մենախօսութիւն»ը, յիշում՝ Լարքի հրատարակած հայ կոմպոզիտորների գործերի նոտաները, ձայներիզները եւ տեսաերիզները, յիշում այլեւայլ շատ բաներ եւ մտածում, որ անընդգրկելի է Լարքի գործունէութիւնը եւ զարմանում, ինչպէս է յաջողւում մէկ մարդուն այս ամէնը կառավարել…

  Լարքի յայտագրուած համերգները միշտ էլ Լոս Անջելես շրջանի համերգային կեանքի անբաժան եւ արժէքաւոր մասն են կազմել: Առանձին շուքով են դրանց մէջ առանձնանում Վաչէ Պարսումեանի անուան հետ առնչուող համերգները: Ականաւոր երաժիշտ, դիրիժոր, խմբավար Վաչէ Պարսումեանի  ղեկավարած սիմֆոնիկ եւ բազմաբնոյթ այլ համերգները Փասադենայի նշանաւոր «Ամբասադոր» համերգասրահում մշտապէս երեւութային են որակուել Քալիֆորնիայի համերգային կեանքում: Դրա հաւաստումն են Մոցարտի «Mass in C Minor»ի, Բրամսի «Ein Deutsches Requiem»ի, Բրիտենի «War Requiem»ի, Ստրաւինսկու «Svadebka»ի, Մանսուրեանի «Ars Poetica»ի եւ այլ գործերի կատարումների Հայաստան հասած արձագանգները:

  Պարսումեանի՝ իմ ունկնդրած ելոյթներից յիշողութեանս մէջ անջնջելի հետք են թողել Բախի «Քրիստոսի Չարչարանքներն ըստ Մատթէոսի» եւ Նարեկացու խօսքերով գրուած Շնիտկէի «Երգչախմբային կոնցերտ»ի փայլուն մեկնաբանութիւնները: Ուշագրաւ էր, որ երկու համերգում էլ երգչախմբի կազմում ընդգրկուած էին եւ Լարքի երիտասարդ ուսանողները: Նման ելոյթներն ու փորձերը (ի դէպ, փորձերն անց էին կացւում Լարքի կամարների տակ) յիրաւի անփոխարինելի «երաժշտական համալսարաններ» էին կեանք մտնող երաժիշտների համար: Ի՜նչ հրաշալի միտք… Ականատես լինել արուեստագետի մոգական կերպարանափոխման կարողութեանը, նաեւ հնարաւորութիւն ունենալ հետեւելու նրա՝ ստեղծագործութեան վրայ աշխատելու ընթացքին, նրա պահանջկոտութեանն ու դիտողութիւններին, համամասնակիցը լինել երաժշտութեան արարման… Իւրաքանչիւրս կ՚երազէինք նման առիթ ունենալ:

 Երջանկութիւն է Լարքում Վաչէ Պարսումեանի պէս ղեկավար ունենալ: Շփուել մի մարդու հետ, որի կեանքն ու գործը ուսանելի են բոլորիս համար, ըմբոշխնել նրա լոյս ճառագող էութիւնը… Հասկանում ես, որ պատահական չէ Լարքի սրահում կախուած Էմանուիլ Կանտի խօսքերը մէջբերող պաստառը՝ «Երկու բան են ինձ շարունակ զարմացրել՝ աստղալից երկինքը գլխավերեւում, եւ բարոյական օրէնքը սրտի մէջ»: Սա է Պարսումեանի դաւանանքը:

  Հոգիս թռչում է ինձնից արագ, Վաչէ Պարսումեանի ստեղծագործական նորանոր առկայծումներին ընդառաջ:

  Ընդամէնը մի քանի ամիս է մնացել Մեծն Կոմիտասի հարիւր յիսունամեայ յոբելեանից: Արդէն լսել եմ, որ Լարքը ծրագրել է գեղեցիկ համերգաշար՝ նուիրուած կոմպոզիտորի ստեղծագործութեանը, նպատակ ունենալով հանրութեանը ներկայացնել վերջինիս յայտնի եւ անյայտ էջերը: Չեմ կասկածում, որ ինչպէս միշտ, Լարքը կը լինի իր բարձրութեան վրայ, անմասն չմնալով այս բացառիկ առիթից: Այսպիսով նա մէկ անգամ ե՛ւս կ՚արտայայտի իր խորին սէրն ու ակնածանքը յանճարեղ հայի հանդէպ, նորանոր դափնիներով պանծացնելով նրա անունը…

  Ռալֆ Էմերսոնը ասում էր. «Բարօրութեան խորհուրդը, Ուրախութիւնը մեր ձեռքերում պահելու կարողութեան մէջ է»: Սիրելի Վաչէ, թւում է, սա քո մասին է ասուած:

  Ի հեճուկս ամէն փորձութեան, արգելքի ու դժուարութեան տանում ես առաջ Լարքը, քո երազների նաւը, եւ շարունակելու ես տանել խիզախօրէն՝ թեւաւորուած փառահեղ յաղթանակներով եւ հաստատելով Ուրախութիւնն այս երկրի վրայ…

 

ՍՎԵՏԼԱՆԱ  ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ