Հինգշաբթի, Ապրիլ 18, 2024

Շաբաթաթերթ

Քուէյթահայ գործարարը նոր թափ է հաղորդում «Գնէք Հայաստանում» գաղափարին

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Քուէյթահայ գործարար Կիրակոս Գույումճեանն այն սփիւռքահայերից է, ով ուղիներ է փնտռում Հայաստանին օգտակար լինելու համար: «Արմէնփրէս»ի հետ զրոյցում նա նշեց, որ հայրենիքին ծառայելու միտքը միշտ եղել է իր մտքում: Ժամանակի ընթացքում գործարարն առաւել ինտենսիւ է դարձրել դէպի Հայաստան իր այցելութիւնները, այստեղ հողատարածք ու տուն է գնել, ուսումնասիրել է երկրի հնարաւորութիւնները: Նա նկատեց, որ Հայաստանում զբօսաշրջութեան զարգացման լուրջ հնարաւորութիւններ կան, իսկ միտումները միայն խոստումնալից են: Ահա այս համատեքստում Կիրակոս Գույումճեանը որոշեց կեանքի կոչել «Գնէք Հայաստանում» գաղափարը:

«Տարուայ ընթացքում բազմաթիւ մեր հայրենակիցներ ամենատարբեր երկրներից պարբերաբար գալիս են Հայաստան: «Գնէք Հայաստանում» գաղափարի իմաստն այն է, որ մեր հայրենակիցներն իրենց կարիքների համար ապրանքները գնեն հէնց Հայաստանում: Զբօսաշրջային այցից առաջ իրենց գնումները ոչ թէ կատարեն այլ քաղաքներում, այլ հէնց Հայաստանում, չէ որ այստեղ էլ կան բազմաթիւ խոշոր առևտրի կենտրոններ»,– ասաց Կիրակոս Գույումճեանը:

«Գնէք Հայաստանում» գաղափարը Կիրակոս Գույումճեանը սկսել է կեանքի կոչել ամիսներ առաջ, ներկայումս պատրաստւում է նոր թափ հաղորդել դրան՝ օգտագործելով սոցիալական ցանցի ու մեդիայի հնարաւորութիւնները: Նա նկատեց, որ այս գաղափարի լայնօրէն իրականացումը կը նպաստի Հայաստանի տնտեսութեան զարգացմանը:

«Եթէ այս միտքը լայն տարածում գտնի, ապա դա կը նպաստի տեղական շուկայի աշխուժացմանը, ինչն էլ իր հերթին կը յանգեցնի արտադրութեան ընդլայնմանը, նոր արտադրութիւնների հիմնմանը: Յաջորդ օգուտը կը լինի այն, որ Հայաստանում կ՚աւելանայ արտարժոյթը, ինչը շատ կարևոր է տնտեսութեան համար: Այստեղ այնպիսի հնարաւորութիւններ կան, որ մեր սփիւռքահայ բարեկամները կարող են ապրանքներ գտնել, օրինակ, իրենց տների կահաւորման համար: Երկրում կայ զարդեղէնի, թանկարժէք իրերի լայն ընտրանի, կարող են գտնել հագուստ, տեխնիկա:  Ի դէպ, ոչ միայն կարելի է ապրանք գնել Հայաստանում, այլև կարող են օգտուել տեղի բժշկական ծառայութիւններից: Դրանից բացի, հնարաւորութեան դէպքում իրենց երեխաների, տան անդամների կարևոր առիթներն անցկացնեն Հայաստանում, որի համար անհրաժեշտ իրերը գնուեն այստեղից»,– ասաց Կիրակոս Գույումճեանը: Նա առանձնացրեց մի խնդիր, ըստ որի հայկական շուկայում յաճախ են հանդիպում ապրանքներ, որոնց վրայ միայն ռուսերէն գրառումներ են: Ըստ նրա՝ պէտք է ուշադրութիւն դարձնել դրան և անպայման ներկայացնել հայկական մակնշմամբ, որպէսզի մեր հայրենակիցները կարողանան հեշտութեամբ ապրանքներ գնել:

Կիրակոս Գույումճեանն ակնկալում է, որ այս գաղափարը շատերը կ՚ընդունեն ու Հայաստանում գնումներ կատարելը կը դառնայ մշակոյթ:

Քուէյթահայ գործարարը յաճախ է լինում Հայաստանում և նշում է, որ յեղափոխութիւնից յետոյ մարդիկ առաւել լաւատես են դարձել: «Այո, աջից ձախից դժգոհութիւններ կան, սակայն չէ՞ որ կատարեալ իրավիճակ որևէ երկրում չկայ: Այո, կարող եմ ասել, որ իմ շրջապատը, իմ ընկերները շատ գոհ է իրավիճակից, առաւել հանգիստ են: Մտածում են՝ այստեղ տուն գնելու, բիզնէս աշխատացնելու մասին: Վստահ եմ, որ յեղափոխութիւնն իր դրական ազդեցութիւնը կը թողնի հայկական իրականութեան մէջ»,– ասաց  նա:

Կիրակոս Գույումջեանն արդէն 40 տարի է իր սեփական բիզնէսն ունի: Նա զբաղւում է գունաւոր մետաղների վաճառքով: Ուսումնասիրում է հայկական շուկան այստեղ բիզնէս սկսելու համար:

 

ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ