Երեքշաբթի, Ապրիլ 23, 2024

Շաբաթաթերթ

ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Քանի որ այս տարի նշում ենք Կոմիտասի ծննդեան 150-ամեակը, շատ տեղին է ներկայացնելու հետևեալ տեղեկութիւնը մեր Մեծ հանճարի մասին:

   Կոմիտասի արձաններ կանգնեցուել են թէ՛ Հայաստանում, թէ՛ մեր երկրի սահմաններից դուրս: Երևանեան արձաններից զատ առաւել յայտնիներից են Փարիզում քանդակուած Դաւիթ Երևանցու և Վաղարշապատում՝ քանդակագործ Երուանդ Քոչարի արձանները: Երևանում Կոմիտասի երկու արձան կայ: Մէկը մահարձան է՝ Կոմիտասի անուան զբօսայգու պանթէոնում, երկրորդը Երաժշտանոցի դիմաց գտնուող պուրակում: Մահարձանը Կոմիտասի շիրմին է դրուել նրա մահուանից աւելի քան երկու տասնամեակ անց՝ 1955-ին:

1936-ին, Կոմիտասի յուղարկաւորութեան փաստն իրարանցում էր առաջացրել այդ տարիների իշխանական շրջանակներում. խորհրդային իշխանութիւններն անգամ հրահանգում են հանել Կոմիտասի արձանը:  Հրահանգն, իհարկէ չի կատարւում, և Կոմիտասի շիրիմը տապանաքարով մնում է մինչև 1955 թ.:

   Մահարձանի քանդակագործը Արա Յարութիւնեանն է: Դա քանադակագործի դիպլոմային աշխատանքն է եղել, իսկ արձանի պանթէոնում յայտնուելը հետաքրքիր պատմութիւն ունի:

Քանդակագործի որդին՝ Արամ Յարութիւնեանը, պատմում է, որ երբ հայրը որոշել է որպէս դիպլոմային աշխատանք Կոմիտաս քանդակել, մտքովն անգամ չէր անցնում, որ այն յետոյ պանթէոնում է յայտնուելու: Այն տարիներին նրա այդ որոշմանը հաւանութիւն է տուել արուեստանոցի ղեկավար, քանդակագործ Սուրէն Ստեփանեանը, աջակցել է նաև քանդակագործ Արա Սարգսեանը: Սակայն եղել են նաև մարդիկ, ովքեր փորձել են նրան տարհամոզել, զգուշացրել են, որ տհաճ անակնկալներ կարող են լինել: Բայց ապագան քանդակագործին տհաճ անակնկալի փոխարէն հաճելի անակնկալ է մատուցում: Դիպլոմայինը գերազանց պաշտպանելուց յետոյ քանդակագործը  քաղաքային խորհրդի ներկայացուցչի կողմից առաջարկ է ստանում աշխատանքը բրոնզի վերածելուց յետոյ տեղադրել Կոմիտասի գերեզմանին: Մահարձանը Արա Յարութիւնեանի Կոմիտասի առաջին, բայց ոչ վերջին մանումենտալ քանդակն է:

Մահարձանի տեղադրումից 33 տարի անց մայրաքաղաքի կենտրոնում կոնսերվատորիաի դիմացի պուրակում, յայտնւում է Արա Յարութիւնեանի երկրորդ Կոմիտասը: Հէնց այդ պուրակում Կոմիտասի արձանը տեղադրելը եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարէն Դեմիրջեանի առաջարկը: Նա ուզում էր, որ քաղաքի կենտրոնում մեկտեղուէին Մարտիրոս Սարեանի, Արամ Խաչատրեանի և Կոմիտասի արձանները… Եթէ պանթէոնում դրուած մահարձանը տեղադրուել է առանց մրցոյթի, ապա պուրակի արձանի համար յայտարարուած մրցոյթին մէկ տասնեակից աւելի աշխատանք էր ներկայացուել:

Դեմիրջեանը երկար կանգնելով Ա. Յարութիւնեանի աշխատանքի առջև, քանդակագործին նախընտրելի է համարել  «ամուր նստած» Կոմիտասին յաւերժացնելը: Այստեղ արդէն ի յայտ է գալիս խնդիրը, ինչը ծառայի որպէս նստարան: Օգնութեան է գալիս Կոմիտասեան երաժշտութիւնը: Երբ ռադիոն հաղորդեց Կոմիտասի «Ծիրանի ծառ» երգը, մէկ էլ հայրս ասաց. «Գտա՛, գտա՛, Կոմիտասը ծիրանի ծառի վրայ կը նստի»: Գնաց Հոկտեմբերեանի շրջանից մի տապալուած ծիրանի ծառ գտաւ, բերեց ու ձուլեց բռոնզից: Այնպէս որ, Կոմիտասը նստած է տապալուած ծիրանի ծառի վրայ,– վերյիշում է Արամ Յարութիւնեանը:

Արձանի բացումը տեղի ունեցաւ 1988 թ. Յունուարին: «Ակնկալում էինք ճոխ, մեծ բացում, սակայն չգիտէինք, որ արդէն շարժման սկիզբն էր, խմորումներ կային, որոնցից մենք տեղեակ չէինք, իսկ քաղաքական ղեկավարութիւնը գիտէր»,– ասաց մեր զրուցակիցը: Այնուհանդերձ, այս հանգամանքը չի խանգարել, որ քանդակագործը մեծ ուրախութիւն ապրի. նոյն պուրակում նրա երկու աշխատանքներն են՝ Սայեաթ-Նովայի աղբիւր յուշարձանը և Կոմիտասի արձանը:

Պուրակը երևանցիների  ամենասիրելի  վայրերից Է: Այստեղ յաճախ բացօթեայ համերգներ են կազմակերպում:

Արամ Յարութիւնեանը պատմեց, որ ժամանակին այստեղ յաճախ էր լինում նաև իր հայրը. «Գալիս պտտւում էր, տեխնիկական խնդիրներով էր հետաքրքրւում, ջուրը տուեցին, չտուեցին, աղբիւր-յուշարձանի վրայ ջուրը կը հոսի, կը գնայ քարերի արանքը, քարերը իրարից կը հեռանան: Ես էլ եմ յաճախ թոռնիկիս հետ լինում այդ պուրակում»,– ասում է Ա. Յարութիւնեանը:

 Կոմիտասի անունն է կրում նաև մայրաքաղաքի բանուկ պողոտաներից մէկը. այն քաղաքի Զէյթուն թաղամասը կապում է Բարեկամութեան հրապարակի հետ:

Կոմիտասի պողոտան նախապէս կոչուել է Արաբկիրի 24 փողոց, սակայն ներկայիս երկարութիւնը չի ունեցել: 1951 թ. դրան է միացուել Արաբկիրի 62-րդ փողոցը իր նրբանցքներով, իսկ 1977 թ. Մարտի  9-ի որոշմամբ այն դարձել է Կոմիտասի պողոտայ: 

 

Հաւաքեց՝

ԱՐՄԻՆԷ Կ. ԿՈՒՆԴԱԿՋԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ