Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Թող միասնական յաղթանակների տարի լինի գալիք 2020թ. Ռ. ԿՈՐԻՒՆ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

 

          Մասամբ այսպիսի բովանդակութեամբ 2016-ին մի յօդուած էի գրել Շուշիի ազատագրութեան 24-րդ տարեդարձի առիթով. պատշաճ գտայ ամանորին առնչւող իմ խօսքը յաղթութեան կամ յաղթանակի նշանաբանով լինի: Ինչպէս ժողովրդական խօսքի մէջ է ասւում՝ ուրախութիւնը ուրախութիւն է բերում, կամ բարի նպատակները բարի ճանապարհներ են բացում, սէրը՝ սիրով ծաղկունք է բերում, որ այսպէս է, ուրեմն կարելի է նաև ասել որ յաղթութիւնը՝ յաղթութիւն է բերում: Եթէ պարտութիւն լինի, դա պատճառ կը դառնայ նուաստացումների, ստորացումների և վարկաբեկումների, եթէ սէրը փոխուեց ատելութեան դա կը դառնայ չարիք թէ» անձի և  թէ» շրջապատի համար, չարիք կը ծնի ու չարիք կը տարածի: Վայ եկել է մեր «հարևան» երկրի իշխանաւորներին, որոնք ատելութեամբ են լցուած հայ ժողովրդի նկատմամբ, կ՚ուզեն շարունակ չարութեամբ և շանթալից սպառնալիքներով իրենց սին նպատակներին հասնել:

            Ինչո՞ւ մեր «հարևանը» չի ուզում հասկանալ, որ Սումգայիթի, Բաքուի, Մարաղայի և այլ քաղաքների անմեղ մարդկանց անմարդկային սպանութիւնները, Արցախի ռմբակոծումներն ու աւերիչ յարձակումները պատճառ դարձան, որ մեր ազատամարտիկները հերոսական դիմակայութեամբ ազատագրեն հազարամեակների պատմութիւն ունեցող պապենական տարածքները և ցանկանում են այդ տարածքների տէր ու տիրականը ազատ ու խաղաղ ապրել, ոչ թէ նախկինի պէս հալածանքների և նուաստացումների ներքոյ տառապել։ Ուստի, ոչ մի զիջում (դեռ շատ տարածքներ մնում են զաւթուած), ազատագրուած տարածքները ինչո՞ւ պիտի վերադարձնել, հազարաւոր երիտասարդների սրբազան արիւն է թափուել, ընտանիքներ իրենց սրտահատոր զաւակներին կորցնելով սգաւոր են դարձել, ուրեմն բազմաթիւ հերոսների կորուստ, աւեր ու աւերածութիւն և ահաւոր տառապանքներ մեր «հարևան»-ի միջոցով և այդ բոլորից յետոյ հայկական տարածքներ վերադարձնե՞լ կամ վերաբնակեցնել մարդասպաններո՞վ։ Հարկ է խորը մտածել հեռաւոր ապագան նկատի առնելով. եթէ ադրբեջանցիք վերադառնան ազատագրուած տարածքներում, լաւ իմացէք, որ դրանք կը դառնան պատուհաս, երկպառակութիւն հրահրող և չարիք: Խելքի աշեցէք իշխանաւորներ և յիշէք փանահ խանը ինչ արաւ, նրա սերունդները կազմակերպեցին Շուշիի հայութեան ջարդը և քաղաքի հրկիզումը: Ուրեմն, նկատելով փոքր ածու ենք անհրաժեշտ է ողջ հայութեան կուռ հաւատքով ու միասնական ոգով կազմակերպուել և միշտ պատրաստ լինել տարբեր բնագաւառներում նոր յաղթութիւնների և ձեռքբերումների՝ դիւանագիտական և քաղաքական դաշտերում, ազգային ռազմավարական, պաշտպանողական, տնտեսական, գիտական, հասարակական, ուսումնական, մշակութային, մարզական և այլն: Այս հոգեբանութիւնը պիտի դրոշմուի իւրաքանչիւր հայի ուղեղում և հոգում, սա պարտադիր առաքելութիւն է, քանի որ ապրում ենք այնպիսի մի տարածաշրջանում, ուր բարոյական արժէքները և արդարութիւնը ղրուշ իսկ հաշուի չեն առնւում. սուտն ու խաբկանքը, կեղծիքն ու շողոքորթութիւնը, ազգամոլութիւնը թուրք իշխանաւորների մօտ դարձել է արեան գոյն և բջիջ: Ահա այսպիսի տարածաշրջանում ապրելու համար մեր իշխանաւորներն նոյնպէս մեծ առաքելութիւն ունեն երկիրն ու ժողովուրդը պաշտպանելու և շարունակ մտածելու յաղթութեանց վերոյիշեալ անհրաժեշտ հարցերում: Ի՞նչ չափով պիտի հաւատանք իշխանաւորների ազգանուէր ու հայրենանուէր աշխատանքներին… կը յուսանք հանգոյն սարի դոշից բխող ջուր, ոչ թէ լցնովի: 

            Անցեալում շատ բաներ ենք կորցրել՝ հայրենի անսահման տարածքներ, ժողովուրդ, կոթողներ, թանկագին մատենագրութիւն, արհեստի և արուեստի հրաշալի գործեր… Ինչո՞ւ այս բոլորը, քանի որ ապրել ենք ուրիշներին հաւատալով որպէս մեր փրկիչը, պաշտպանը, զօրակցողը և դաշնակիցը, նաև ապրել ենք ստրկահոգեբանութեամբ, այլոց միջոցով պառակտումի անմիաբանութեամբ:

            Ապրել ենք օտարների համար շահի խաղաքարտ դառնալով, ապրել ենք մեր ձիրքերն ու ստեղծագործութիւնները տրամադրել օտարների փառքի ու հզօրացման համար: Ապրել ենք օտարամոլութեամբ, վանել ենք մեր արժէքները և ուրիշների արժէքներով տարուել:

            Այս մտածումներով չի նշանակում մենք դէմ ենք երկրների միջև հաղորդակցութիւններ և յարաբերութիւններ ու կապեր ունենալ, այլ ընդհակառակը մեր նպատակը այն է որ առողջ ու սերտ կապեր նոյնիսկ մեր թշնամի «հարևաններ»-ի հետ իրատես և արդարացի քաղաքականութեան շահերի վրայ հիմնուած:

            Սպասում ենք ռուս և ԱՄՆ-ի իշխանաւորներից թէ» Ցեղասպանութեան պահանջատիրութեան և թէ» Արցախի հարցում արդար տնօրինութիւն կատարեն: Գերմեծերը թուրք իշխանաւորների անօրինութիւնները պաշտպանելով հետագային նրանց փանիսլամիստական ու փանթուրանական նկրտումները սպառնալիք կը դառնան իրենց համար, կը յայտնուեն սարդոստայնական որոգայթում: Արդարեւ, Արևմուտքը և Ռուսաստանը ճակատագրական սխալ են թոյլ տալիս փոխնիփոխ թուրքերին հզօրացնելով և պաշտպանելով:  

            Ահա կանգնած ենք գալիք տարուայ շեմին. գնացող տարուայ ընթացքում ականատեսն ու վկան եղանք Միջին Արևելքում հակամարտութիւնների, իմ կարծիքով դեռ նրանք շարունակուելու են: Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են պատերազմական խառն վիճակի, մէկը Ցեղասպանութեան պահանջատիրութիւնը ի սպառ մոռացնել տալու, իսկ միւսն իր ցանկացած տարածքներին հասնելու նպատակով: Յիշենք 1914 թ. առաջին համաշխարհային պատերազմը, թէ ինչպէս թուրքերը օգտուելով առիթից կատարեցին մեր Արևմտահայոց Ցեղասպանութիւնը և հայրենիքի բռնագրաւումը:

            Գալիք տարին զգօնութիւն է պահանջում և հեռակայ ծրագրաւորումներ, որքան կարող ենք բարեկամ երկրներ շահել, կազմակերպուելու և հզօրանալու ձգտումը օդից ու ջրից կարիք են մեզ համար ամբողջ հայութեան միասնական ոգու առկայծակումով:

            Հերոս և նուիրեալ իշխանաւորներն են կերտում անկախ, խաղաղ, անփորձանք, բարեկեցիկ և ուժեղ հայրենիք ժողովրդին պահելով իրենց թիկունքին:

            Ահաւասիկ հին տարին գնում է և նորն է փոխարինում։ Նորով նորանանք, անցեալի դասերով զինուած երկիր պաշտպանենք. այս մէկը անանձնական հերոսների գործն է։ Հազար ու հազար անգամ ողջոյն այսպիսի հերոսներին։ Մեր պատմութեան ոլորտներում հերոսների աստղահամար թիւ ենք ունեցել թէ՛ մեր անցեալի պատմութեան և թէ՛ մեր օրերի Արցախի գոյամարտերում։ Թող մեր իշխանաւորները վստահ լինեն, որ պահանջի դէպքում էլի կ՚ունենանք:

            Ամանորեան և Ս. Ծննդեան շնորհաւորանքներ բոլորին սրտագին մաղթանքներով. յոյս առ Աստուծոյ ցանկութիւնների իրականացում: Թող վրայ հասնող տարին իր բովանդակ ընթացքում իմաստաւորուի ազգասիրական, հայրենասիրական և ժողովրդասիրական աշխատանքներով:

 

Դեկտեմբեր 2019

Սանլենտ, Լոս Անճելըս

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ