Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Մխիթար Հերացի Միջնադարի Հայ Մեծ Գիտնական Եւ Բժշկապետ

 

Մխիթար Հերացի

Միջնադարի Հայ Մեծ Գիտնական Եւ Բժշկապետ

(Ծննդեան 900 եւ մահուան 820-ամեակի առիթով)

 

 

Առողջապահական համաշխարհային ճգնաժամային ներկայ պայմաններում, ուժ եւ կորով մաղթենք աշխարհի բոլոր երկրների բուժ-աշխատողներին եւ փորձագէտ գիտնականներին։ Յաջողութիւն մաղթենք նրանց, շնորհակալութիւն յայտնենք նրանց, ովքեր հանդիսանում են մերօրեայ հերացիներն ու ավիցեննաները։

 

2020-ին, Միջնադարի հայ մեծ գիտնական եւ բժշկապետ Մխիթար Հերացու ծննդեան 900 եւ մահուան 820-ամեակն է։ Այս տարի ծննդեան 1040-ամեակն է նաեւ Միջնադարի պարսիկ մեծ գիտական եւ բժշկապետ Ավիցցեննայի՝ Ապու Ալի Իպն Սինայի ։

 

Ուժ ու կորով մաղթենք մերօրեայ հերացիներին եւ ավիցեննաներին։ Նրանց աշխատանքը անփոխարինելի է։ Մարդկութիւնը մեծ պարտք ունի նրանց նկատմամբ։ Շնորհակալութիւն բոլորին։

 

Գերմանացի գիտնական Էռնեստ Զէյդելը 1908 թուականին յատուկ հայերէն սովորեց Մխիթար Հերացու գործերն ուսումնասիրելու համար:

Նա գերմաներէն հրատարակած իր գրքի նախաբանում գրեց. «Եթէ մենք առանց կանխակալութեան համեմատենք Հիլդեգարդի* «Ֆիզիկան», որը գրուել էր ընդամէնը մի քանի տասնամեակ առաջ, մեր հայ վարպետի ստեղծագործութեան հետ, ապա ստիպուած կը լինենք առաջնութեան դափնին վճռականօրէն շնորհել վերջինիս՝ բնութիւնը հիմնաւորապէս ճանաչելու, հետեւողական, ինքնուրոյն եւ սխոլաստիկ, կրօնի խորհրդապաշտական լծից կատարելապէս զերծ լինելու համար»:

 

*) Հիլդեգրադը 12-րդ դարի գերմանացի միանձնուհի, գիտնական էր։

 

Հայերը համաշխարհային գիտութեան մէջ մեծ դերակատարում են ունեցել եւ մեծագոյն նուաճումների հեղինակներ են: Ի թիւս այլ ոլորտների, բացառութիւն չէ նաեւ բժշկութիւնը: Միջնադարի անուանի բժշկապետ, իմաստասէր, բնագէտ, աստղագէտ Մխիթար Հերացու գործերից դարեդար օգտուել են ոչ միայն հայերը, այլեւ տարածաշրջանի այլ ազգեր ու ժողովուրդներ:

Մխիթար Հերացին ծնուել է մօտաւորապէս 1100 թ. Պարսկահայք նահանգի Հեր* (Խոյ) քաղաքում: Պատանեկութիւնն անցկացնելով հայրենի քաղաքում՝ սովորել է բնական գիտութիւններ, պարսկերէն, արաբերէն: Հետագայում վարժ տիրապետում էր նաեւ յունարէնին: Դա ապագայ բժշկապետին օգնեց բնագրով կարդալու եւ ուսումնասիրելու հին աշխարհի եւ միջնադարի գիտնականների գործերը:

Հերացին շատ է շրջագայել, եղել թէ՛ Արեւմուտքում, թէ՛ Արեւելքի երկրներում: Նա քաջածանօթ էր Հիպոկրատի, Ավիցեննայի (Իպն Սինա), Գաղիանոսի աշխատութիւններին, որոնք ուսումնասիրել է բնագրով:

Ապա տեղափոխուել է մշտական բնակութեան Կիլիկեան հայկական թագաւորութիւն: Տեղում սովորել ու ստացել է վարդապետի կոչում, բժշկութեամբ զբաղուել Սիս մայրաքաղաքում եւ Հռոմկլա ամրոցում, որ այդ տարիներին կաթողիկոսանիստն էր: Մխիթար Հերացին մտերիմ էր Ներսէս Շնորհալու հետ եւ վայելում էր նրա հովանաւորութիւնը: Շնորհալու մահից յետոյ նա լաւ յարաբերութիւններ պահպանեց նաեւ Գրիգոր Գ Տղայ կաթողիկոսի հետ եւ առհասարակ վայելում էր Պահլաւունիների հզօր տոհմի աջակցութիւնն ու հովանաւորութիւնը:

Տակաւին երիտասարդ՝ Մխիթար Հերացին ողջ Կիլիկիայում արդէն հմուտ բժշկի համբաւ ունէր: Չնայած հոգեւորականութեան հետ մերձ յարաբերութիւններին` նրա գործերում միստիկ եւ հոգեւոր-աստուածաբանական ոչինչ չկար: Հերացին աշխարհիկ բժիշկ էր ու ըստ նրա՝ մարդու մարմնի հետ մեռնում է նաեւ հոգին: Նա միջնադարում կարողացել էր ազատուել կրօնական մոլեռանդութիւնից ու կաղապարներից, ինչն աւելի է արժեւորում նրա աշխատութիւնները:

Բժշկագիտութիւնը Կիլիկիայի թագաւորութիւնում մեծ նուաճումների էր հասել: Այն միշտ պետական հոգածութեան առարկայ է եղել: Բաւական է յիշել 13-րդ դարասկզբին Սիս մայրաքաղաքում Զապէլ թագուհու բացած հիւանդանոցը, որտեղ հայոց թագուհին անձամբ էր խնամում հիւանդներին:

Կիլիկեան Հայաստանի ռազմական, դիւանագիտական, վարչաիրաւական ոլորտի մեծագոյն գործիչ Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքում» յատուկ անդրադարձ կայ անգամ դատական բժշկութեանը: Դեռ միջնադարում Կիլիկիայում եւ Հայաստանում դիահերձումներ են կատարել ու մարդու անատոմիա ուսումնասիրել:

«Ջերմանց մխիթարութիւնը« Մխիթար Հերացու գլուխգործոցն է․ գրուել է 1184 թուականին: «Ջերմանց մխիթարութիւն» աշխատութիւնում Հերացին բժշկագիտութեան մէջ առաջին անգամ խօսում է մանրէաբանութեան, մանրէների միջոցով հիւանդութիւնների տարածման ու զարգացման մասին: Նա մանրէներն անուանում է բորբոս, իսկ հիւանդութիւնները՝ բորբոսային հիւանդութիւններ:

Գիրքն այդպէս է վերնագրուել Գրիգոր Գ Տղայ կաթողիկոսի առաջարկութեամբ: Նա գիրքն այդպէս է անուանել, որպէսզի այն մխիթարի բժշկին՝ ուսմամբ, իսկ հիւանդին՝ առողջութեամբ: Աշխատութեան մէջ նա անդրադարձել է Դաշտային Կիլիկիայի ճահճոտ վայրերում լայնօրէն տարածուած տենդային հիւանդութիւնների դասակարգման, պատճառագիտութեան, ախտածնութեան, մահճաբուժութեան, կանխարգելման եւ բուժման հարցերին:

Հերացին տենդային հիւանդութիւնները բաժանել է 3 խմբի՝ «միօրեայ», «բորբոսային» եւ «հալեւմաշ անող»: Հետաքրքիր է նրա տեսութիւնը յատկապէս «բորբոսային» տենդի մասին, ըստ որի` այդ տենդը վարակիչ է, իսկ նրա պատճառը մարդու արեան եւ միւս հեղուկների մէջ գոյացող «բորբոսն» է, որը, կուտակուելով որեւէ օրկանում, առաջ է բերում այս կամ այն հիւանդութիւնը: Ժամանակակից պատկերացումներով` դա վարակական շարժընթացի դիպուկ նկարագրութիւն է, ինչը Հերացին տուել է մանրէների յայտնագործումից շատ առաջ:

«Բորբոսային» տենդերի խմբում Մխիթար Հերացին նկարագրել է դողերոցքը, թիֆային եւ արիւնավարակական հիւանդութիւնները, ժանտախտը, բնական ծաղիկը, կարմրուկը, տիֆը: Իսկ տենդային հիւանդութիւնների Մխիթար Հերացու դասակարգումը յենւում էր ոչ միայն ախտաբանական ու պատճառագիտական սկզբունքների, այլեւ կլինիկական ուսումնասիրութեան, հիւանդի մանրակրկիտ հետազօտման վրայ:

 «Ջերմանց մխիթարութիւն» ձեռագիրը յայտնաբերուեց 1727-ին Պոլսում: Հիմա պահւում է Ֆրանսիայի ազգային գրադարանում: Առաջին անգամ հայերէն հրատարակուել է Վենետիկում 1832 թուականին, ապա թարգմանուել բազմաթիւ լեզուներով եւ վերահրատարակուել մի քանի անգամ:

Հերացին լուրջ ուշադրութիւն է դարձրել նաեւ հոգեբուժութեանը` հոգեկան հիւանդութիւնների բուժման գործում մեծ տեղ յատկացնելով երաժշտութեանը:

Մխիթար Հերացին է բժշկական հայերէն շատ դերմինների հեղինակը: Նրա ստեղծած դերմինների մի զգալի մասը մինչ օրս կիրառւում է: Տեղին է յիշատակել նաեւ, որ նա իր աշխատութիւնը գրեց ոչ թէ գրաբար, այլ միջին հայերէնով, որ հասանելի լինի նաեւ հասարակ բնակչութեանը: Դա բաւական առաջադէմ քայլ էր ժամանակի համար:

«Ջերմանց մխիթարութիւնը» Հերացու միակ երկասիրութիւնը չէր: Նա նաեւ գրել է աչքերի հիւանդութիւնների մասին` նշելով դրանց տեսակներն ու բուժման եղանակները: Բացի այդ գրել է դեղագիտական աշխատութիւն` «Ախրապատինը», որը, ցաւօք, մեզ չի հասել: Հասել են միայն առանձին պատառիկներ, որոնցից կարելի է եզրակացնել Մխիթար Հերացու այդ աշխատութեան մեծ արժէքի մասին:

Նա կիրառել է բուժման համակցուած մեթոդիկա՝ դեղորայքային, սննդային եւ ֆիզիկական: Վերջինիս մէջ մտնում էր լոգանքը սառը ջրով, մերսումը, առհասարակ՝ առողջ ապրելակերպը:

Հերացու աշխատութիւններից ոչ մէկն ամբողջական չի պահպանուել: Մեզ են հասել միայն առանձին հատուածներ:

Մխիթար Հերացու մասին Ներսէս Շնորհալին գրում է, որ նա նաեւ աստղագէտ է: Ցաւօք, պատմութիւնը ոչինչ չի աւանդել Հերացու աստղագիտական աշխատութիւններից կամ ուսումնասիրութիւններից, բայց այն, որ նա զբաղուել է այդ գիտութեամբ, յստակ է, քանզի ինչպէս գրում է Շնորհալին, Մխիթար Հերացին կաթողիկոսին նուիրել է պոեմ՝ «Երկնքի եւ նրա լուսատուների մասին»:

Մեծ բժշկապետը մահացել է խոր ծերութեան հասակում, 1200 թուականին: Նա հայկական դասական բժշկութեան հիմնադիրը դարձաւ ու սերունդներ կրթեց իր աշխատութիւններով: Նրա գործը տասնեակ բժշկապետներ շարունակեցին Հայաստանում, որոնց մէջ ամենաանուանին, ինչ խօսք, Ամիրդովլաթ Ամասիացին է:

 

Մխիթար Հերացու անունով կոչուել են փողոցներ Երեւանում ու Վանաձորում, ինչպէս նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանը: ՀՀ-ում սահմանուել է Մխիթար Հերացու մետալ:

Վահէ Լոռենց

աղբիւր՝ Համացանց

 

 

*) Հերը գաւառ է Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգում, Կապուտան (Ուրմիա) լճից հիւսիս-արեւմուտք։ Հերը համապատասխանել է հետագայի Խոյ գաւառին։

 

 

Ավիցեննա

Միջնադարի Պարսիկ Մեծ Գիտնական Եւ Բժշկապետ

(Ծննդեան 1040-ամեակի առիթով)


 

Ավիցեննայի իսկական անունը Ապու Ալի Իպն Սինա է: Նա հայ մատենագրութեան մէջ յայտնի է նաեւ Սինայի որդի անունով: Ծնուել է մօտ 980 թուականին, պետական պաշտօնեայի ընտանիքում: Կրթութիւնն ստացել է Բուխարայում, 1012 թուականին տեղափոխուել է Իրանի Խորեզմ քաղաք, ապրել Խորասանում, Ղազուինում, Սպահանում, այնուհետեւ՝ 1015 թուականին հաստատուել  է Համադանում, դարձել պալատական բժիշկ եւ վեզիր:  Արաբերէնով  եւ պարսկերէնով գրուած մօտ 300 աշխատութիւնների հեղինակ է: 10 տարեկանում Իպն Սինան արդէն գիտէր հանրահաշիւ, երկրաչափութիւն, կարող էր թուարկել եւ ցոյց տալ աստղերի բոլոր համաստեղութիւնները: 

Ավիցեննան առաջիններից էր, որ բարձրաձայնեց, թէ ոսկին անհնար է ստանալ այլ մետաղներից, որ մարդու բանականութիւնը կապուած է ոչ թէ նրա «հոգու», այլ ուղեղի հետ, որ հիւանդութիւններն առաջանում են ոչ թէ ինչ-որ համաստեղութիւններից, այլ կեղտոտ առուներում բնակուող էակներից: Նրա «Գիրք ապաքինութեան» արաբերէն աշխատութիւնը մեծ ազդեցութիւն է գործել գիտական մտքի հետագայ զարգացման վրայ: Նա տրամաբանութեան, մեդաֆիզիկայի, փիլիսոփայութեան, աստղագիտութեան, մաթեմատիկայի եւ երաժշտութեան հարցեր է լուսաբանել «Գիրք գիտութեան» պարսկերէն աշխատութեան մէջ: Ուսումնասիրել է մարմինների շարժումները, լեռների առաջացման պատճառները, հանքանիւթերի բաղադրութիւնը, կենդանի էակների ծագումը, բոյսերի կազմութիւնն ու կեանքը: Այդուհանդերձ, Իպն Սինան վճռեց բժիշկ դառնալ: Նա հասկանում էր, որ անհնար է մարդուն կուրօրէն բուժել, ու, խախտելով մահմետականութեան արգելքը, սկսեց հերձել մահացածներին եւ ուսումնասիրել մարդու մարմնի կառուցուածքը:

Ավիցեննայի «Կանոն բժշկութեան» արաբերէն աշխատութիւնը անցեալի բժշկագիտութեան նուաճումների իւրօրինակ ամփոփումն է, որտեղ շարադրուած են բժշկութեան ընդհանուր տեսութիւնը, անադոմիայի, ֆիզիոլոգիայի, վիրաբուժութեան եւ ախտորոշման կարեւոր դրոյթները, սուր վարակիչ հիւանդութիւնների հետազօտման, բուժման եղանակները, առաջադրուած է ջրի եւ օդի միջոցով «տենդային» (վարակիչ) հիւանդութիւններ փոխանցող անտեսանելի յարուցիչների վերաբերեալ վարկածը: Իպն Սինան սովորեցնում էր ոչ միայն բժշկելու, այլեւ մարդուն կարեկցելու արուեստը:

Նա հետք է թողել նաեւ գրականութեան մէջ իր քառեակներով: 

Ավիցեննան ծանօթ է եղել Դաւիթ Անյաղթի գործերին, իսկ միջնադարեան բժշկապետներ Մխիթար Հերացին եւ Ամիրդովլաթ Ամասիացին բարձր են գնահատել նրա բժշկագիտական հայեացքները եւ նրան համարել «Մեծ իմաստասէր»:

 

աղբիւր՝ Հայկական Հանրագիտարան

 

*     *     *

Մտքեր Ավիցեննայից,-

 

–         Այն մասին, որ ցաւում է որովայնդ, պատմիր հիւանդին, առողջը քեզ չի հասկանայ։

–         Չկան անյոյս հիւանդներ, կան միայն անյոյս բժիշկներ։

–         Զգուշացէք շաքարից, որը խառնուած է թոյնի հետ։ Զգուշացէք ճանճից, որ կանգնած է եղել սատկած օձի վրայ։

–         Շարժումը կարող է փոխարինել բազմաթիւ դեղերի, բայց աշխարհում չկայ մի դեղ, որ կը կարողանայ փոխարինել շարժմանը։

–         Ինչպէս կոյրերի համար անտեսանելի է արեւի վառ շողը, այնպէս էլ յիմարների համար չկայ ճանապարհ դէպի ճշմարտութիւն։

–         Տիեզերքի հոգին ճշմարտութիւնն է։

–         Ով երջանկութիւնը չի գնահատել, նա մօտենում է դժբախտութեանը։

–         Եթէ իմ ընկերն ընկերութիւն է անում իմ թշնամու հետ, ապա ես չպէտք է ընկերութիւն անեմ այդ ընկերոջ հետ։

–         Միայնութեան մէջ մարդ չէր գոյատեւի։ Այն, ինչին կարիքը նա ունի՝ ստանում է հասարակութեան շնորհիւ։

 

աղբիւր՝ Mediamag

Պատրաստեց՝ ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ